Քանաքեռ–Զեյթուն ԲԿ

Գլխավոր բժշկի տեղակալ ակնաբուժական ծառայությունների գծով

Գևորգ Բարաղամյան

Բժիշկ – ակնաբույժ

Գլխավոր բժշկի տեղակալ ակնաբուժական ծառայությունների գծով

Ակնաբուժական անոթային ծառայության ղեկավար

Սիրելի՛ հայրենակիցներ,


«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկան հիմնադրվել է 1961թ.–ին՝ աշխարհահռչակ ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եկատերինա Բլավատսկայայի գլխավորությամբ և երկար ժամանակ հանդիսացել Խորհրդային Հայաստանի միակ ակնաբուժական կենտրոնը։
Մեր՝ ակնաբույժներիս օրրանն ունի 60 տարվա պատմություն։ Տասնամյակների ընթացքում ակնաբուժական կլինիկան շարունակ համալրվել ու արդիականացվել է։ Ստեղծվել են նոր բաժանմունքներ ու ծառայություններ, ներդրվել վիրահատությունների նոր մեթոդներ, ձեռք են բերվել ժամանակակից սարք–սարքավորումներ:
Այս շենքում են ձևավորվել ու կայացել Հայաստանի լավագույն ակնաբույժները՝ մեր ուսուցիչներն ու նրանց ուսուցիչները։ Նրանք իսկապես բացառիկ էին։
Այդ ամենին զուգընթաց այս կրթօջախում են կայացել նաև մեր ժամանակների լավագույն ակնաբույժները, որոնցից շատերը ներկայումս իրենց մասնագիտական գործունեությունը շարունակում են ծավալել «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայում, մի մասն էլ՝ ղեկավարում տարբեր բժշկական կենտրոնների ակնաբուժական բաժանմունքներ ու ծառայություններ։
Մենք՝ նորավարտ բժշկից մինչև պրոֆեսոր, առաջնորդվում ենք նույն արժեքներով, այն է՝ ազնվություն և արհեստավարժություն։ Մեզ համար առաջնային է պացիենտի անվտանգությունը և գոհունակությունը։
Հավելեմ նաև, որ 2021թ. օգոստոսի 1-ից մենք սկսել ենք ակնաբուժական կլինիկայի հիմնանորոգման ու վերազինման հերթական փուլը։ Համոզված եմ, որ կփոխվեն պատերի երանգներն ու տրամադրությունը, սարքավորումների անվանումներն ու չափերը, սակայն 1961թ.–ից ձևավորված ավանդույթներն ու արժեքները կմնան անփոփոխ։
Մենք էլ՝ ավելի խանդավառված կծառայենք մեր ազգաբնակչությանը։
Բարին ընդ Ձեզ։

Միշտ Ձեր՝
Գևորգ Բարաղամյան